Anonymous հաքերային միջազգային խմբի անդամները երեկ կոտրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական կայքէջը։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հաքերներն այդպիսով վրեժ են լուծել Սարկոզիից` նրա այն հայտարարության համար, թե ողջունում է ամերիկյան իշխանությունների կողմից Megaupload.com ինտերնետ ռեսուրսը (ֆայլերի փոխանակման ռեսուրս) փակելու որոշումը։
Հինգշաբթի ամերիկյան Վիրջինիա նահանգի դատախազությունը Megaupload.com կայքը փակելու, ինչպես նաև կայքի հիմնադիրներին և աշխատակիցներին ձերբակալելու մասին հրաման արձակեց։ Քննչական մարմինները կայքի հիմնադիր Քիմ Դոթքոմին ինտերնետ–ցանցահենության մեջ են մեղադրում. նրանք պնդում են, որ կայքը, առանց համապատասխան իրավունքի, հեղինակային նյութեր է շրջանառել։
ԱՄՆ իշխանությունների ընդունած այդ որոշումից հետո Anonymous–ի հաքերները սկսել են կիբերհարձակում իրականացնել կայքի փակման հետ այս կամ այն կերպ առնչվող հաստատությունների և ընկերությունների կայքերի վրա։
Հաղորդվում է, որ Ելիսեյան պալատի կայքը կոտրելուց հետո հաքերները դրանում Սարկոզիի հասցեին վիրավորական արտահայտություն են զետեղել և իրենց «առևտրային ապրանքանիշը»՝ We Are Legion–ը։
Սարկոզիի կայքի աշխատանքն արդեն վերականգնվել է։