Երկրորդ միջին քաշային կարգի IBF վարկածով 
 աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի վերադարձը հաղթական ստացվեց: 
 Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի թափուր գոտու համար 
 մենամարտում Գերմանիան ներկայացնող 31-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը 
 24-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն էր: Օֆենբուրգի «Բադեն 
 Արենայում» կայացած մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում: Աբրահամը նոկդաունի 
 ենթարկեց մրցակցին, Ֆարիասը փորձեց շարունակել պայքարը, սակայն դարձյալ 
 ընկավ եւ մենամարտը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: Արթուր 
 Աբրահամն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը` տանելով 33-րդ 
 հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ութ ամիս նա դուրս չէր եկել ռինգ. 2011թ. 
 մայիսին Աբրահամը մրցավարների որոշմամբ պարտվեց Անդրե Ուորդին: