Քիչ է ասել, որ տեսողությունը կարևոր է. տեսողության շնորհիվ է մարդը
ստանում զգայարանների միջոցով ստացվող տեղեկության 80%-ը: Ուստի հատուկ
ուշադրություն ու խնամք է պահանջում` այս աշխարհը գունագեղ տեսնելու
պարգևն աչքի լույսի պես պահելու համար:
Կարճատեսությունը թերևս ամենահաճախ հանդիպող տեսողական շեղումն է, որի
առկայության դեպքում մարդը վատ է տեսնում հեռադիր օբյեկտները: Ակնախնձորը
լինում է չափից ավելի ձգված, այդ պատճառով
էլ պատկերը ոչ թե ցանցաթաղանթի
վրա է կիզակետվում, ինչպես նորմալ է համարվում, այլ դրա առջև, ու
ստացվում է լղոզված պատկեր: Կարճատեսությունը լինում է տարբեր տեսակների ու
աստիճանների: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար բժիշկն առանձին միջոց
պետք է որոշի: Սակայն կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր խնդիր
ունեցողների համար: Եթե այդ օրենքները խստիվ պահպանվեն, ապա գոնե
տեսողության վատթարացում չի լինի:
Առաջին պարտադիր պայմանն այն է, որ կարճատեսություն ունեցող մարդը երբեք
չպետք է աչքերը կկոցի: Շատերն են դիմում այդ միջոցին` տեսողությունը
լարելու համար, սակայն դա ընդամենը մի ակնթարթ է օգնում, բայց վնասում է
աչքը, որը, չափից դուրս սեղմվելով, ավելի է ձգվում: Տրամաբանորեն կարելի է
եզրակացնել, որ աչքերը կկոցելը խորացնում է կարճատեսությունը:
Երկրորդ օրենք. չի կարելի կարդալ, գրել և ընդհանրապես գտնվել լույսի
ուղիղ ճառագայթների տակ: Եթե դուք, ասենք, գիրք եք կարդում մութ
սենյակում` միայն գրքին ուղղված լույսով, ապա այն ցանցաթաղանթի վրա
կիզակետվում է վառ փոքրիկ հետքով: Այդ դեպքում բիբը առավելագույնս սեղմված է
լինում` վառ լույսին դիմադրելու ու դրանից ցանցաթաղանթը պաշտպանելու
համար: Հենց դա է պատճառը, որ մութ սենյակում հեռուստացույց դիտելուց կամ
էլ գիրք կարդալուց աչքերը կարմրում են: Ցանցաթաղանթը պաշտպանելու նպատակով
բիբը շատ սեղմվում է, ինչի հետևանքով արյան շրջանառությունն աչքում
ուժգնանում է: Որքան ձեր շուրջը լույսը ցրված լինի, որքան մեծ լուսավոր
գոտի լինի, այնքան աչքի համար հարմարավետ պայմաններ կլինեն: Հեռուստացույցի
սիրահարներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում տնային կինոթատրոն
ձեռք բերել. մեծ էկրանը նվազեցնում է ծանրաբեռնվածությունը տեսողության
վրա: Սակայն չպետք է մոռանալ ցրված լուսավորության մասին: Եթե նույնիսկ մեծ
էկրանով հեռուստացույց ձեռք բերեք, այնուամենայիվ մի մոռացեք
լուսավորության նշված ձևի մասին: Պարտադիր է հեռուստացույց դիտելիս որոշակի
հեռավորության պահպանումը. անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է այն
(մեծ, փոքր), պետք է հեռավորությունն առնվազն 1,5-2 մետր լինի:
Երրորդ օրենքը. երբեք, երբեք մի կարդացեք մետրոյում, այն էլ` ընթացքի
ժամանակ: Աչքի ու գրքի միջև հեռավորությունը պետք է հաստատուն լինի: Տառերի
ու գլխի անընդհատ շարժումը ստիպում է, որ աչքը տարբեր հեռավորությունների
վրա շարունակ հարմարվի, ինչը լուրջ լարվածություն է ստեղծում աչքերի
մկանների համար ու, բնականաբար, խիստ հոգնեցնում: Իսկ եթե այդուհանդերձ
որոշել եք կարդալ, ապա փորձեք հաճախակի կտրվել ուշադրության օբյեկտից ու
հայացքն ավելի հեռուն հառել, իսկ ընթերցանության ընթացքում օգտագործեք ձեր
բնական ամորտիզատորը` ողնաշարը: Մեջքով մի հենվեք նստարանին, հնարավորինս
այն թուլացրեք, այդպիսով կկարողանաք գրքի ու աչքերի միջև հաստատուն
հեռավորություն պահպանել:
Եվ գլխավոր կանոնը կարճատեսություն ունեցողների համար. եթե ստիպված եք
երկար ժամանակ աշխատել տեքստի կամ էլ մանրամասերի վրա, կարդալ կամ գրել,
կամ էլ ձեր աշխատանքը համակարգչով է, փորձեք պարբերաբար աչքերի մարզանք
կատարել: Օրինակ` փորձեք աչքերը փակ` «կույր», համակարգչի վրա տեքստ
հավաքել. աչքերը կհանգստանան և թերևս ավելի կվարպետանաք ձեր գործում ու
կկարողանաք առանց ստեղնաշարին նայելու կատարել աշխատանքը: Կամ էլ կես կամ
մեկ ժամ աշխատելուց հետո փորձեք մոտադիր օբյեկտներից հայացքը սևեռել
հեռուն, նայեք, ասես անսահմանության: Աչքերը պտտեք մեկ աջ, մեկ ձախ,
վերև-ներքև: Նման մարզանքը հնարավորություն կտա աչքերի մկանային
լարվածությունը թոթափել, հետևաբար` աշխատունակությունը բարձրացնել:
Կարճատեսության վերացման ժողովրդական միջոցներ
- Տեսողությունը կարելի է բարելավել հասարակ վարժություններով, որոնք
տատիկներից են մեզ փոխանցվել: Ցուցամատի ծայրով մերսել աչքի ներքին
անկյունները: Գործողությունը կատարել այնքան ժամանակ, մինչև կոպերի տակ
լրիվ սև դաշտ հայտնվի:
-Ականջաբլթակի վրա են գտնվում տեսողության պատասխանատու կետերը:
Ցուցամատով ու բութով բլթակները հարկավոր է տրորել 10 վայրկյան: Մերսումը
պետք է կրկնել ոչ մեծ ընդմիջումներով, 5 անգամ: Այս մերսումով կարող եք
հոգնածությունը անցկացնել, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես
աչքերը սկսում են ակտիվորեն շնչել: Կարճատեսությունը կանխել կարելի է նաև
առողջ սնունդով: Ձեր կերակրացանկում թող հաստատուն տեղ զբաղեցնեն տավարի
լյարդը, հնդկաձավարի շիլան, մեղրն ու, իհարկե, գազարը:
Մի լավ խորհուրդ էլ 80-ամյա մի տղամարդուց, որ մինչ օրս ակնոց չի կրում:
Առավոտյան լվացվելիս բաց աչքերով սառը ջուր ցողել աչքերի մեջ: Այս միջոցն
ամրացնում է աչքերի մկանային համակարգը:
Հետաքրքիր փաստեր կարճատեսության մասին
Առաջ կարճատեսության դեպքում բժիշկները խորհուրդ էին տալիս խստորեն
սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը: Այսօր հակառակն է, բոլորը կողմ են
մարզումներին: Հետազոտություններով պարզվել է, որ մարզումները բարելավում
են ողջ, այդ թվում և աչքի մկանային համակարգի աշխատանքը: Բացառություն են
բոքսը, ըմբշամարտը, ծանր ատլետիկան, հոկեյը, թռիչքները, ֆուտբոլը:
Այսինքն` մարզաձևեր, որոնցով զբաղվելիս չեն բացառվում հարվածները, ուժեղ
ցնցումներն ու գերլարումը: Ամենօրյա 30-40 րոպե տևողությամբ ֆիթնեսը
գերազանց է կարճատեսության դեպքում:
Ի դեպ, կոնտակտային լինզաների հեղինակը Լեոնարդո դա Վինչին է: 1508-ին
նա նկարել է մի սարքավորում, որը տեսողությունը «սրբագրում» է: Ըստ
էության` նա ներկայացրել է ժամանակակից լինզաների նախատիպը:
Առաջին փափուկ լինզան հայտնվել է միայն XX դարի 50-ականներին. չեխ
գիտնական Օտտո Վիխտերլենն առաջին անգամ սինթեզեց թափանցիկ պոլիմեր, որը
կարող է հագենալ ջրով: Առաջատար արտադրողները հենց այդպիսի պոլիմերներ են
կիրառում կոնտակտային լինզաների արտադրության համար: