2012
թվականի հերոսը` Վիշապը, բերանից հուր արտաբերելու հատկություն ունի,
հետեւաբար ճիշտ կլինի Ամանորին տան եւ տոնածառի զարդարանքի մեջ օգտագործել
մոմեր եւ կրակոտ գույներ: Այս մասինNEWS.am-ի
թղթակցի հետ զրույցում ասաց նկարիչ, դիզայներ Նուռը կամ Արման Դավթյանը:
Նա տունը եւ տոնածառը զարդարելիս խորհուրդ է տալիս հաշվի առնել տան
դիզայնը, կառուցվածքը,մթնոլորտը եւ առհասարակ բոլոր մանրուքները:
Նուռի
խոսքով` ամենակարեւորն այն է, որ ամեն մարդ իր տունը զարդարի ըստ իր
ճաշակի, կեցվածքի, կերպարի եւ նախասիրությունների: Նա դեմ է նորաձեւության
տենդենցներին հետեւելուն, քանի որ համոզված է, որ դրանք մարդկանց միատեսակ
եւ միօրինակ են դարձնում: Փոխարենը` խորհուրդ է տալիս լինել
անհատականություն եւ ինքնատիպ: «Ամեն մարդ պետք է լինի յուրատեսակ,
ինդիվիդուալ, եթե տենդենցին հետեւենք` պատկերացրեք, թե ինչքան անհետաքրքիր
եւ միապաղաղ կլինի մեր կյանքը»,- ասաց նա:
Ինչ
վերաբերում է տոնածառը զարդարելուն, ապա Նուռը խորհուրդ է տալիս անձամբ
խաղալիքներ ստեղծել` ինչ-որ կտորներից, փայտից եւ այլն եւ հավատացնում է,
որ այդպես ձեր տոնածառը կառանձնանա եւ կլինի յուրատեսակ: Անձամբ դիզայներն
իր տոնաճառը զարդարելու է «բեժ» գույնի տարբեր խաղալիքներով` պատրաստված
փայտից, կեղեւից եւ այլ իրերից: «Օրիգինալ կլինի, եթե տոնածառը լինի
ազգային եւ տարազային, պատկերացրեք` ինչքան հետաքրքիր կլինի, եթե
խաղալիքները լինեն ազգային, հայկական զարդանախշերով, հայ ընտանիքի տոնածառը
կլինի հայեցի»,- նշեց Նուռը:
Նա
խորհուրդ է տալիս իրար համակցել կարմիրը, գազարագույնը, մուգ կապույտը,
հայկական գորգերի գույները: Տունը զարդարելու համար նա խորհուրդ չի տալիս
օգտագործել բնական եղեւնիներ, քանի որ չարժե կանաչ ծառը կտրել մեկ օրվա
համար, փոխարենը գեղեցիկ կնայվեն նաեւ արհեստական եղեւնիները: