Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ «Orange Արմենիա» ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:
2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:
«Վիրտուալ ցանցի և իրական կյանքի կանոնները շատ նման են և դրանց հետևելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Ավելին՝ երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն»,-նկատեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը:
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:
Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:
«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ: