Դեկտեմբերի
20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա շքեղ միջոցառում: Քաղաքապետ
Տարոն Մարգարյանը վառեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Միջոցառումը ներառում էր նաև մեր օրերում այդքան պահանջված 3D բաղկացուցիչ`
Երևանի Պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մափինգ:
Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ նման շոուի
կազմակերպումը ՄԻԱՅՆ հայկական ընկերությունների մասնակցությամբ: Գովելի է,
որ թե անիմացիոն լուծումները, թե համակարգային ինտեգրացիան արվել են
տեղական ընկերությունների կողմից: Շոուն դեռ շարունակվում է, և մինչև
դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են ոչ միայն վայելել մափինգը, այլ
մասնակցել նրան ինտերակտիվ համակարգի միջոցով: Երեկոյան ժամերին
հրապարակում կարելի է խաղալ ինտերակտիվ խաղ և հետևել խաղի արդյունքներին
Պատկերասրահի շենքի վրա: Եվ սա էլ դեռ ամենը չե` նոր տարվա գիշերը մեզ
սպասվում է ևս մեկ անակնկալ` նորից 3D մափինգի տեսքով:
Նշեմ,
որ 3D մափինգի շնորհիվ ցանկացած չափի, գույնի պատկեր կամ անիմացիա կարող է
պրոեկտվել խանութի ցուցափեղկի, փողոցի, շենքի վրա: Անմոռանալի
զգացողություններ` պատկերացրեք, որ Ձեր աչքի առաջ դիմացի շենքի
պատուհաններով ջուր է բարձրանում, հետո ինչ-որ լույս է շրջում մի
պատուհանից մյուսը, շենքի վրա սկսում են ծածանվել մեկ վայրկյան առաջ
գոյություն չունեցող հսկայական դրոշներ, ի վերջո ամբողջ շենքը վերածվում է
փլատակների ու հաշված վայրկյանների ընթացքում վերակառուցվում նորից: Ձեզ
հարկավոր կլինի որոշակի ժամանակ հասկանալու համար, որ տեսածը ոչ այլ ինչ է,
քան հենց ինքը` 3D պրոեկցիա շենքի վրա: